Ոստիկանությունն այն երկու մարմիններից մեկն է (մյուսը դատախազությունն է), որն ընդունում է կատարված հանցագործության մասին հաղորդագրությունը։ Ոստիկանության բաժանմունք գնալիս վերցրու անձը հաստատող փաստաթուղթ, քանի որ ոստիկանության աշխատակիցը Քեզնից կխնդրի քո անձնական տվյալները։ Այդ տվյալներն անհրաժեշտ են քննության ճիշտ կազմակերպման համար։ Ոստիկանը պարտավոր է Քեզ՝ որպես տուժող կողմի, տեղեկացնել Քո իրավունքների մասին։
Կարող ես գաղտնի պահել քո բնակության հասցեն այն անձից, ով հանցագործություն է կատարել, եթե հիմնավոր կասկածներ կան, որ Քո հանդեպ կարող է բռնություն կիրառվել։
Տուժողի իրավունքների ու պարտականությունների մասին ամբողջական տեքստը` թարգմանված տարբեր լեզուներով, կգտնես հետևյալ կայքում՝ http://www.policja.pl/portal/pol/346/
Եթե լեհերեն չես հասկանում, ապա կարող ես խնդրել, որպեսզի թարգմանիչ հրավիրեն։ Ոստիկանությունը պարտավոր է ապահովել թարգմանչի ներկայություն այն դեպքում, եթե անձը լավ չի տիրապետում լեհերենին։ Ոստիկանությունն է հոգում թարգմանչի ծախսերը։ Հայտարարությունը գրանցելուց հետո, Ոստիկանությունը քեզնից ցուցմունք կվերցնի, որպեսզի պարզի պատահարի մանրամասները։ Շատ կարևոր է, որպեսզի հնարավորինս մանրամասն տեղեկություններ տրամադրես պատահարի վերաբերյալ և արարքը կատարող անձի կամ անձերի մասին։ Որքան դրանք ճշգրիտ լինեն, այնքան Ոստիկանության շանսերն ավելի մեծ կլինեն, որպեսզի գտնեն, բերման ենթարկեն մեղավորին և դատապարտեն։ Հիմնականում ուշադրություն դարձրու հանցագործություն կատարողի տեսքին, մտապահիր նրա առանձնահատկությունները, դաջվածքը, արտաբերած բառերը։ Եթե պատահարից անմիջապես հետո չես գնում Ոստիկանության բաժանմունք, ապա խորհուրդ ենք տալիս, որպեսզի գրի առնես կամ ձայնագրես սեփական տեսակետը տեղի ունեցած պատահարի մասին։ Հիշողությունը երբեմն կարող է դավաճանել Քեզ, իսկ ինչքան շատ բան հիշես, այնքան ավելի հեշտ կլինի սեփական իրավունքները պաշտպանել։
Եթե Քեզ թվում է, որ Քո հետ պատահածը, կապված է Քո մաշկի գույնի, ազգային, էթնիկ կամ կրոնական պատկանելության հետ, ապա հայտնիր այդ մասին Ոստիկանությանը հանցագործության մասին հաղորդագրություն տալու ժամանակ։ Պարզաբանիր նաև, թե ինչ հիմքով ես այդպիսի եզրակացության եկել (օրինակ՝ մեջբերում արա տվյալ անձի արտաբերած ռասիստական արտահայտություններից, որոնք հնչեցրել է նա հանցագործություն կատարելու ժամանակ)։
Արդեն մի քանի տարի է, ինչ Ոստիկանության աշխատակիցները ինտենսիվ վերապատրաստություն են անցնում, որպեսզի ճանաչեն և բացահայտեն ատելությամբ պայմանավորված հանցագործությունները։ Այսինքն, Ոստիկանության աշխատակիցները պատրաստ են, որպեսզի պատշաճ կերպով զբաղվեն Քո հարցով։ Հետևաբար, մի տատանվիր, դիմիր նրանց և պատմիր Քեզ հետ պատահածի մասին։
Հիշիր, որ Քո մասնակցությունը հետաքննությանը չի սահմանափակվում միայն հանցագործության մասին հաղորդագրություն տալով։ Գործը քննելիս Ոստիկանությանը կամ դատախազությանը պետք կգա Քո համագործակցությունը։ Հետևաբար, կարող են Քեզ խնդրել, որպեսզի կրկին ներկայանաս ու լրացումներ կատարես քո ցուցմունքներում, կամ մասնակցես այնպիսի գործողությունների, որոնց նպատակն է ճանաչել մեղավորին։ Եթե տուժողը կամ վկան չհամագործակցի Ոստիկանության հետ, ապա դա կարող է անհնարին դարձնել մեղադրանքի առաջադրումը և հանցագործության մասին հաղորդագրություն տալու Քո ջանքերն արդյունք չեն տա։
Ոստիկանությունը պարտավոր է գործի վարույթի ցանկացած փուլում Քեզ տրամադրել տեղեկություններ Քո հարցի վերաբերյալ։ Քո հայտարարությունը կհետազոտվի, իսկ 6 շաբաթ հետո կտեղեկացվես, թե արդյոք գործ հարուցվել է։
Եթե պատճառներ ունես մտածելու, որ քո հետ պատահածը, հանդիսանում է ատելությունից դրդված հանցագործություն, իսկ Ոստիկանությունը հետաքննություն իրականացնելիս հաշվի չի առնի այդ հանգամանքը, ապա հայտնիր այդ մասին ՆԳՆ Մարդու իրավունքների պաշտպանության խմբին։
Վոյեվոդային ոստիկանության բաժիններում և Մայրաքաղաքային ու Գլխավոր Ոստիկանությունում աշխատում են ոստիկանապետի հանձնակատարներ, ովքեր զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանությամբ։ Հանձնակատարները չեն զբաղվում քրեական գործերով, ոչ էլ վերահսկում են դրանք, սակայն նրանք հանդիսանում են փորձագետներ՝ կապված քսենոֆոբիայի, ռասիզմի և ատելության դրսևորումների հետ, հետևաբար, հարցեր կամ կասկածներ ունենալու դեպքում կարող են տեղեկություններ տրամադրել կամ օգնել Քեզ։
Հանձնակատարների հասցեները և հեռախոսի համարները կգտնես այստեղ։